Դեկտեմբերի ընթերցարան

Ձմեռ

Աթաբեկ Խնկոյան

Ծառը մերկացավ,
Զրկվեց տերևից,
Ձյունի փաթիլներ
Իջան վերևից։

Ձյուն ու ցուրտ եկան,
Առու, գետ լռեց,
Իր արծաթ գորգը
Ձմեռը փռեց։

Ձյունը ծնկահար
Նստեց մեծ ճամփին,
Սպիտակ հյուսերը
Կիտեց գետափին։

Առաջին ձյունը

Հովհաննես Թումանյան

— Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալի…

Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
— Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան

Ծաղիկների հետ։
Էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։

Եղևնի

Աթաբեկ Խնկոյան

Գունատ աշուն է,
Էլ չկա թռչուն,
Քամու թևերին
Տերևն է թռչում։

Միայն եղևին
Այնտեղ՝ խոր հովտում,
Կանաչ է հագել,
Աշնան դեմ ժպտում։

Ձմեռ պապ

Աթաբեկ Խնկոյան

Արի՜, արի՜
Ձմեռ պապի,
Սպիտա՛կ հագի,
Սպիտա՛կ կապի։

Դաշտ ու անտառ,
Գետ ու գետակ,
Այս ամենը
Ա՛ռ թևիդ տակ։

Սարում, ձորում
Սուլի՛ր, երգի՛ր,
Հեքիաթ ասա
Հետաքրքիր։

Գցիր կամուրջ,
Փռիր կարպետ,
Այ անուրագ,
Անձեռ վարպետ։

Նվեր սիրելի տատիկի համար

Ամանորի նախօրեին Պիպի անունով մկնիկն անուշ քնած էր իր բնում, երբ ինչ-որ մեկը դուռը թակեց և  լուռ հեկեկոց լսվեց։ Պիպին վեր թռավ, բացեց աչքերն ու նայեց ժամացույցին։ Մինչ Նոր տարին դեռ վեց ժամ կար։ «Տեսնես այդ ո՞վ է և ինչո՞ւ է հեկեկում»,- մտածեց Պիպին ու հագնելով տնային կոշիկները, գնաց դուռը բացելու։
Մկնիկը դուրս եկավ բնից և հայտնվեց գեղեցիկ զարդարված տոնածառի առջև։ Նա տեսավ, որ աստիճանի վրա նստած լացում է իր ընկեր Գոռը։
— Ի՞նչ է պատահել,- վախեցած հարցրեց մկնիկը։ — Քեզ ամանորի տոնածառը դուր չի՞ գալիս։ Իսկ միգուցե խաղալիքնե՞րն են քիչ։ Թե՞ ամենագեղեցիկ աստղն է կոտրվել։ Ես հասկացա։ Դու պարզապես սոված ես և մի կտոր պանիր ես ուզում ուտել։ Կարծես թե ինձ մոտ մի փոքրիկ կտոր մնացել է այն պանրից, որ ես ուղարկեցի իմ սիրելի տատիկին նվեր։
— Չէ,- ձեռքը թափ տվեց Գոռը և նրա արցունքի մի կաթիլը ընկավ ուղիղ մկնիկի քթին, — բանը դրանում չէ։ Հենց տատիկի պատճառով եմ լացում։
— Տատիկի պատճառո՞վ,- զարմացավ Պիպին ու թափահարեց պոչը։ — Տատիկդ տրամադրություն չունի՞։ Նա այրե՞լ է թխվածքը, քեզ պատժե՞լ է — ձայնն աստիճանաբար շշուկի վերածելով ասաց մկնիկը։
Տղայի այտերը վարդագունեցին։
— Էլի չգուշակեցիր։
Նա թեքվեց մկնիկի ականջին ու շատ կամաց ձայնով, որ միայն մկիկը կարող էր լսել,  ասեց.

— Այս ամենը տատիկի պատճառով է, Նոր տարվա, Ձմեռ պապիկի ու նվերի պատճառով։ Ամեն նոր տարվա գիշերը, երբ ես քնում եմ, գալիս է Ձմեռ պապիկը և նվեր դնում տոնածառի տակ։ Բայց նա նվերները միայն երեխաների համար է բերում, իսկ իմ սիրելի տատիկը միշտ առանց նվեր է մնում։ Ուրեմն դու դրա համա՞ր ես լացում,- մկնիկը ձեռքով դիպավ Գոռի ուսին։ — Ընկերս, ինձանից օրինակ վերցրու։ Ինքդ նվեր պատրաստիր տատիկի համար, ժապավենով գեղեցիկ փաթաթիր, իսկ ես Ձմեռ պապիկի նման, տատիկի նվերը կդնեմ տոնածառի տակ։

Իսկ տատիկը դա կհավանի՞,- արցունքների միջից ժպտաց տղան։
— Այն էլ ոնց։ Պատրաստիր նրա համար որևէ գեղեցիկ նկար-ապլիկացիա, կամ պլաստիլինից որևէ իր ծեփիր։
Մկնիկը մի քանի վայրկյանով անհետացավ ու հայտնվեց ամսագրերի մի մեծ կույտ շալակած։ Այդ ամսագրերում գեղեցիկ պատրաստվածքների նկարագրություններ կային։ Նրանք միասին սկսեցին թերթել ամսագրերը, որ մի հետաքրքիր բան գտնեն։ Գոռն արդեն մոռացել էր վատ տրամադրության մասին։ Նա մի գեղեցիկ նվեր ընտրեց տատիկի համար և սկսեց այն պատրաստել։ Իսկ մկնիկ Պիպին իր պահոցից բերեց գեղեցիկ ժապավեններ, որպեսզի նվերը փաթեթավորեն։ Կես ժամ անց մկնիկի օգնությամբ Գոռն արդեն պատրաստել էր իր նվերը՝ գեղեցիկ բացիկ տատիկին, և մակագրել նրա մեջ. «Սիրելի տատիկին՝ Գոռից»։
Թող տատիկն առավոտյան արթնանա, տեսնի իր նվերն ու զարմանա և մտածի, որ իսկական Ձմեռ Պապն է իրեն շնորհավորել Նոր տարվա կապակցությամբ։

Աղբյուրը՝ այստեղ

Մուլտֆիլմեր

Թողնել մեկնաբանություն